National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.06.2008
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողն Ազգային ժողովում

Հունիսի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն հանդիպեց խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի»  ներկայացուցիչներ Ռաֆիկ Պետրոսյանի, Ավետ Ադոնցի, Նաիրա Զոհրաբյանի, Արտյուշա Շահբազյանի, Հովհաննես Մարգարյանի հետ: Պարոն Կոլումբիեն տեղեկացրեց, որ ցանկանում է տեղեկություններ ստանալ Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի, պատգամավորներին մտահոգող այլ հարցերի վերաբերյալ: 

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հունիսի 16-ին արդեն ձեւավորվել է մարտի 1-2-ին Երեւանում  տեղի ունեցած ողբերգական դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվելու կոչված ժամանակավոր հանձնաժողովը, որի աշխատանքներին մասնակցելու համար վերջնական որոշում դեռ չի կայացրել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ հանձնաժողովում ընդգրկվել են երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից, աշխատանքներին մասնակցելու կհրավիրվեն արտախորհրդարանական քաղաքական ուժերը, նաեւ` միջազգային փորձագետներ, որոնց ընտրությունը կարող են կատարել արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Նշվեց, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերը կունենան խորհրդակցական ձայնի իրավունք, իսկ իրենց գնահատականները կարող են ներկայացնել հատուկ կարծիքի տեսքով:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցն էլ վստահություն հայտնեց, թե հանձնաժողովը չի ընդունի այնպիսի որոշում, որին համաձայն չլինեն խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող անդամները: Ըստ նրա, հանձնաժողովի նպատակը դեպքերի արդար, անաչառ ուսումնասիրությունն է եւ հնարավոր նման դեպքերի բացառումը:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն անդրադառնալով հանձնաժողովի կազմավորման ընդդիմության առաջարկած 50/50 տարբերակին, նշեց, թե դրա համար հիմք չէին տալիս ոչ միջազգային ակտերը, ոչ էլ Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունը եւ օրենսդրությունը:  «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ հանձնաժողովի նկատմամբ վստահությունը, ինչը իր խոսքում կարեւորեց պարոն Կոլումբիեն, կերեւա դրա գործունեության արդյունքում, պարզապես անհրաժեշտ է  հանդուրժողականության մթնոլորտ: Այս տեսակետն ուներ նաեւ ՀՅԴ անդամ Արտյուշ Շահբազյանը, ում կարծիքով, եթե բարեփոխումների շեմին գտնվող Հայաստանում փոխադարձ կառուցողական հարաբերություններ չհաստատվեն, ժողովրդավարացման խնդիրներ ունեցող համակարգն ավելի կվատթարանա:
 
ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն ափսոսանք հայտնեց, որ անկախ, օբյեկտիվ եւ թափանցիկ քննության առաքելություն ունեցող հանձնաժողովը չի կազմվել բացառապես  միջազգային փորձագետներով. ըստ նրա, դա  անվիճարկելի կդարձներ հանձնաժողովի եզրակացությունը:  Պարոն Կոլումբիեն մտահոգիչ համարեց քաղբանտարկյալների առկայությունը,  նրանց նկատմամբ փոփոխվող մեղադրանքների փաստը, ինչը, նրա կարծիքով, մեծացնում է անվստահությունը արդարադատության նկատմամբ: Նշվեց նաեւ, որ բոլոր լավ նախաձեռնություններն ի չիք կլինեն, քանի դեռ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է իր նախապայմանը` ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ի պատասխան տեղեկացվեց, որ Հայաստանում  հարգվում է անմեղության կանխավարկածը, 115 ձերբակալվածներից այսօր անազատության մեջ են 17-ը:

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ սանկցիաներ իրականացնելու հարցին, պարոն Կոլումբիեն նկատեց, որ որոշում կայացնելը Եվրոպայի Խորհրդի համար դյուրին չի լինելու, հարկավոր է ջանքեր գործադրել, դրական քայլեր կատարել, որպեսզի հարցը չհասնի սանկցիաներ կիրառելուն:

 Ի պատասխան նշվեց, որ ԵԽԽՎ 1609 բանաձեւում չի եղել որեւէ կետ, որին Հայաստանը չանդրադառնա եւ պահանջները չկատարի, քանի որ դրանց կատարումն առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից:

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն  Ազգային ժողովում հանդիպեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի անդամների հետ, մասնակցեց քննարկումներին:

Աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը  ներկայացնելով աշխատանքային խմբի կազմը` նշեց, որ խմբում ընդգրկված են խորհրդարանական խմբակցությունների մեկական ներկայացուցիչ, երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, ՀՀ նախագահի 9 թեկնածուներից 7-ի ներկայացուցիչները, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի եւ «ԸՆտրական  համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) կազմակերպության ներկայացուցիչները, փորձագետներ: Պարոն Հարությունյանը նշեց, որ խմբում աշխատանքները  բավականին արդյունավետ են առաջ գնում, որոշումների մեծ մասը ընդունվում է կոնսենսուսով. քվեարկելու իրավունք ունեն աշխատանքային խմբի բոլոր անդամները:

Պարոն Կոլումբիեն ողջունեց աշխատանքային խմբի գործունեությունը  եւ որոշումներ ընդունելու կարգը` նշելով, որ այն լավ նախադեպ է  եւ կարող է  օրինակ ծառայել  ավելի լայն մասշտաբով վստահության վերականգնման  համար: Համազեկուցողը հույս հայտնեց, որ հանձնաժողովի առաջարկությունները չեն մնա թղթի վրա  եւ կընդունվեն իշխանությունների կողմից:

   





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am